Մեր ներկա աննախանձելի վիճակի ու դրա հետ կապված գոյաբանական լուրջ վտանգների մեջ գտնվելու հանգամանքը ստիպում են մեզ փնտրել այս երևույթի սկզբնապատճառները, քանի որ նման վիճակում առաջին անգամ չէ, որ հայտնվում ենք։
Եթե ի մի ենք բերում այս ուղղությամբ նման երևույթի սկզբունքային բնույթի սկզբնապատճառների անալիզի արդյունքները, ապա այն զարմանալիորեն հանգում է մեր «վատը» լինելուն, որը չափից դուրս մակերեսային բացատրություն է։
Այստեղից էլ՝ այն մտայնությունը, որ եթե վատն ենք, ապա ծեծելով կարող ենք ուղղվել, այդ թվում՝ նաև ինքնածեծելով, որի արդյունքը մեր ինքնախարազանումների անսովոր առատությունն է։
Այս ուղղությամբ շատ թե քիչ օբյեկտիվ պատճառների փնտրտուքի միակ ճանապարհը գիտական անալիզն է և, առաջին հերթին, մեր ճակատագրի համեմատական անալիզը բարոյահոգեբանական առումով մեզ նման ուրիշ ժողովուրդների ճակատագրի հետ։
Մի բան պարզ է, որ մեր «վատը» լինելու կոնցեպտը ունի իրական հիմքեր, բայց հարցը այն է, թե արդյոք դա՞ է մեր վիճակի հիմնական պատճառը, թե՞ դրա համար կան ավելի հիմնավոր ու հզոր պատճառներ։
Այս իմաստով պարզ է, որ և՛ խեղճերի ու անընդհատ ծեծվածների մոտ, և՛ նորմալ կյանքով ապրած ժողովուրդների մոտ կան նրանց էությունը բնութագրող բացասական գծեր ու, նույնիսկ հավանական է, որ դրանք ավելի շատ լինեն խեղճերի մոտ, քանի որ այդ գծերը պատմականորեն նպաստել են դաժան պայմաններում նրանց կյանքի լավ թե վատ հարատևելուն։
Պատմականորեն մեր նման ժաղովուրդների մի մասը կոտորվել ու վերացել է, մի այլ մասը շարունակում է իր կյանքը, առանց իմանալու, որ ինքն ունի բավականին շատ բացասական գծեր, մի քանիսն էլ, մեր նման, շարունակում են մաքառել են իրենց գոյության համար։
Գիտական մոտեցման տեսանկյունից մեզ հատկապես պետք է հետաքրքրեն այն ժողովուրդների ճակատագրերը, որոնք վերացել են, և այն, թե որն է եղել պատմական ասպարեզից նրանց հեռանալու հնարավոր ու առավել հավանական պատճառը։
Հարցի դրվածքը ավելի հասկանալի դարձնելու համար դիտարկենք մի իրավիճակ, երբ որևէ մեծ կոլեկտիվում մի բավականին խելոք, բայց թույլ մեկը խանգարում է շատ ուժեղներին իրենց հիմնական նպատակներին հասնելու գործերում։
Հարց, ո՞րը կլինի նման թույլի հետագա ճակատագիրը։ Պատասխան՝ նրան առնվազն կհեռացնեն կոլեկտիվից, իսկ ավելի սկզբունքային ու դաժան գոյաբանական դեպքերում՝ նրան կոչնչացնեն։
Մեր ներկա վիճակի բուն պատճառը տարբեր բնույթի շատ ավելի հզորներին տարբեր հարցերում խանգարելն է, լինի դա նույն տարածքը թուրքերի հետ միասին մեր հայրենիք-վաթանը համարելը, թե ամբողջ միջնադարում և կապիտալիզմի սկզբնավորման շրջանում հույների ու հրեաների հետ առևտրական մրցակցությունը, հիմա էլ, ուրիշներին զուգահեռ, գենոցիդված լինելուն հավակնելը ու բազմաթիվ այլ համեմատաբար մանր բաներ։
Ձեռք քաշեք բազմատեսակ ինքնախարազանումներից ու «վատը» լինելու կոնցեպտից, քանի որ դրանք խնդրո առարկա հարցում շատ փոքր դեր ունեն կամ էլ բոլովին չունեն։
Հիմնական պատճառը, թույլ ու անճարակ լինելով հանդերձ, կամա, թե ակամա, շատ ավելի ուժեղների սկզբունքային բնույթի շահերի հետ առնչվելն ու դրանց կպչելն է։
Կա մի այլ հանգամանք ևս՝ ավելի լավ հասկացող ուրիշները մեր քաղաքակրթական պոտենցիալն ու հզորությունը մեզնից շատ ավելի լավ չափել գիտեն։
Մենք էլ, կոնտրպրոդուկտիվ ինքնախարազանման փոխարեն, պետք է անցնենք գիտականորեն հիմնավորված միջոցներով մեր ժողովրդին թևեր տալուն, հավատալով ու հավատացնելով, որ դրա համար օբյեկտիվ հիմքեր կան և, իհարկե, խուսափելով անիմաստ պարծենկոտությունից։
Իսկ դրա միակ ճանապարհը գիտելիքն ու գիտելիք կրողներին հարգելն ու կյանքում տեղ տալն է, հակառակ դեպքում, կշարունակենք մնալ տգետների ու տգիտության զոհը։
Պավել Բարսեղյան